суббота, 22 октября 2022 г.

Տարոն Գլակ - (Թատրոն)

 1

Քամին՝ աշխարհի ամենաերկարակյաց ճամփորդը, աստվածային անտարբերությամբ շրջում էր քաղաքում, երբ նա մտավ թատրոն: Հանդարտ քայլերով ուղղվեց դեպի աստիճանները և բարձրացավ երկրորդ հարկ: Դահլիճի նեղլիկ դռան դիմաց մի կին էր կանգնած, բարևեց, ցույց տվեց տոմսը: Կինը ձեռքով բացատրեց, թե որ շարքում էր պետք փնտրել 21 նստատեղը, որից հետո սևազգեստ տղամարդն առաջացավ և անաղմուկ, առանց ուշադրություն գրավելու նստեց իր տեղում:
Դահլիճը կիսով չափ լեցուն էր, կարելի էր ներկայացումը սկսել: Ինչ-որ կատակերգություն էր՝ ժամանակակից երանգներով, ժամանակակից մարդկանց մասին, սովորականի պես ՝ իրականությունից կտրված: Ժամանակներն էին այդպիսին՝ իրականությունն ամենուր էր, իսկ մարդիկ փախուստի, անզուսպ շարժման մեջ էին, որը նրանց մղում էր մեկ իրականությունից մյուսը մտնել, հետո գտնել մեկ ուրիշը և այդպես շարունակ, միայն թե չկանգնել, չմնալ անշարժ, չզգալ կյանքի ծանրությունը:
Շատերը քրքջում էին զարմանալի անհոգությամբ, խորապես չըմբռնելով հումորի և ունայնամտության տարբերությունը: Տղամարդիկ իբրև թե անտարբեր հայացքով դիտում էին դերասանուհիների գեղեցիկ ոտքերը, որոնց անհրաժեշտությունը, երևում է չափից շատ էր զգացել բեմադրիչը և կարելի էր ենթադրել, որ նրա հույսը կանգ էր առել գլխավորապես կանացի ոտքերի ազդեցիկության վրա և հենց այդ մեխով էլ փորձում էր գամված պահել արու հանդիսատեսին:
Տղամարդը չէր ծիծաղում: Ըստ նրա բեմադրիչը կատարյալ անտաղանդի մեկն էր, բայց հիշում էր, որ ժամանակից շուտ չի կարելի հեռանալ թատրոնից, այլ պետք է հարգել դերասաններին և համեստորեն սպասել: Իհարկե բնությունն իրենն անում էր և նա երբեմն նույնպես տարվում էր կանացի ոտքերի գրավչությամբ: Նկատենք, որ այս իմաստով բեմադրիչը հանճարեղ էր գտնվել:
20 րոպե կլիներ՝ ինչ ներկայացումն ընթանում էր, երբ հանկարծ տղամարդը հորանջեց և անգիտակցորեն գլուխը փոքր ինչ թեքեց աջ: Երբ կիսափակ աչքերը բացեց, նկատեց, որ իրենից երկու նստարան այն կողմ՝ թերևս 19 համարի նստատեղին մի կին էր նստած: Անմիջապես ճանաչեց կնոջը և այդ վայրկյանից սկսած տղամարդու համար ներկայացումն ավարտվեց՝ սկսվեց մի ուրիշ թատրոն, որը մշտապես հետապնդել էր նրան:
Թատրոնի մթամածությունը, խորհրդավոր կիսանարջագույն, կիսակարմրավուն երանգները դուր էին գալիս տղամարդուն: Հաճելի էր խորհել այդ գույների ներքո, բայց ներքին մի տխրություն ալիք-ալիք բարձրանում էր նրա հոգում և նա գերծանրաբեռնվածություն ու լարվածություն էր զգում: Օրը փոխվել էր, օրվա տրամաբանությունը հեղափոխվել էր և ապագա մի քանի ժամն այլ ընթացք էին ունենալու: Նա գիտեր ու զգում էր օրվա փոփոխությունը:

2
Ներկայացումն ավարտվեց, տղամարդը կանգնեց չհեռացնելով հայացքը կնոջից: Հանգիստ, գրեթե անտարբեր քայլվածքով մոտեցավ, նայեց ուղիղ աչքերին.
-Ողջույն, ինչպե՞ս ես…
-Օ՜, բարև, - կինը սովորության համաձայն աչքերը փախցնում էր՝ հաճախ առնելով նրանց կոպերի ու թարթիչների պաշտպանության տակ:- Անսպասելի հանդիպում, չգիտեի, որ դու թատրոն ես գալիս:
Տղամարդը ժպտաց. – Հազարից մեկ եմ գալիս, բայց ամեն անգամ հիասթափվում եմ: Կարծես իմ բախտից լինի՝ չեմ վրիպում, գալիս եմ հենց այն ժամանակ, երբ այսպիսի՝ դու հասկացար, բեմադրություններ են լինում. – Այս խոսքերն ասելիս տղամարդը նրբանկատորեն իր դժգոհությունն էր արտահայտում, բայց զարմանալիորեն ժպտում էր և չէր կարողանում թաքցնել իր երջանկությունը:
Հանդիսատեսն առանց շտապելու դուրս էր գալիս դահլիճից: Տղամարդն ու կինը նույնպես անշտապ, զրուցելով առաջանում էին: Երկուսն էլ ինչ-որ անհարմարություն էին զգում: Այս հարաբերություններում մշտապես առկա էր որոշակի անորոշություն, համակրանք, սեր, անտարբերություն, փիլիսոփայական անհամապատասխանելիություն, միևնույն ժամանակ հոգեբանական ներգործություն, որը շատ նման էր կախվածության: Խոսքը մեծ սիրո մասին է, որի բաղադրիչները շատ են և անշնորհակալ գործ է դրանք թվելը: Երկուսն էլ տարօրինակ մարդիկ էին և երկուսն էլ հասկանում էին, որ օրը փոխվել է, օրվա տրամաբանությունը հեղափոխվել է և ապագա մի քանի ժամն այլ ընթացք է ունենալու: Երկուսն էլ գիտեին դա ու զգում էին օրվա փոփոխությունը:
3
Տղամարդն ու կինը թատրոնի շենքից դուրս եկան և դիմացը մի քանի րոպե մնացին կանգնած: Մի պահ լռություն էր, նայում էին իրար, կինն աչքերն անվերջորեն ինչ որ տեղ էր տանում-բերում և վաղուց անբաժանելի դարձած կոպերի խաղի միջոցով թաքցնում դրանք, իսկ տղամարդը նայում էր նրան: Տղամարդն ավելի բարձրահասակ էր, քան կինը և ընդհանրապես սովորություն ուներ նայելու դիմացինի աչքերի մեջ և տեղում հայացքով սիրում էր սևեռվել դիմացինի վրա:
Հանկարծ տղամարդը խախտեց լռությունը. – Լսի՛ր, մենք պետք է խոսենք: Մի քանի մետր այն կողմ սրճարան կա, այնտեղ չեն աղմկում, արի խոսենք, կարևոր բան պիտի ասեմ:
Կինն այնքան էլ ցանկություն չուներ սրճարան գնալու, բայց այդ պահին չկարողացավ մերժել. – Գնանք:
Քամին տագնապով աղոթում էր և դա այնքան շոշափելի էր տղամարդու համար: Իր կյանքի վաղուց մտածված առաքելությունն էր այդ խոսակցությունը, նա հաճախ մեն-մենակ մտածել էր այսպիսի մի պատահական հանդիպման մասին և հոգու խորքում հուսացել, որ այդ օրը կգա: Մինչ սրճարանին հասնելը փորձեց մտքերը ժողովվել, ասելիքը հստակեցնել, բայց հետո փոշմանեց: Ամեն ինչ տեղում ու միանգամից. – մտածեց նա ու շարունակեց քայլել:
Անհասցե լռության ուղեկցությամբ նրանք քայլում էին՝ մտախոհ հայացքներով, անհանգիստ ու ծանր: Ի վերջո մտան սրճարան, տեղավորվեցին անկյունում, փոքր ինչ ստվերի մեջ հայտնված սեղանիկի մոտ, որի վրա ինչ-որ սև սփռոց էր փռված, սեղանի կողքին ծաղկաման կար և ինչ որ էկզոտիկ, օտար ծաղիկ, որի անունը չգիտեին: Ծաղիկն ավելի մոտ էր կնոջը: Սեղանիկը մի տեսակ առանձնացած էր, կար վարագույր, որը փակվում էր, և հաճախորդը կարողանում էր մեկուսանալ բոլորից:
Սուրճ պատվիրեցին և հյութ, փոխանակեցին մի քանի նյարդային ժպիտ: Տղամարդը ծխախոտատուփը դրեց սեղանին, չգիտես ինչու ձեռքերը շփեց իրար, հետո մի ծխախոտ հանեց, դանդաղ, սովորականից երկար այրեց այն ու սկսեց ծխել: Առաջին ծուխն ընդունեց բավական երկար՝ ասես դրանով ժամանակ էր շահում:

4

Տղամարդը խոսեց. – Պարզապես լսիր մինչև վերջ, առանց ընդհատումների: Սիրում եմ քո դեմքը, փոքրիկ մարմինդ, աչքերդ, կանացիությունդ, քե՛զ, մի խոսքով, բայց ես այն մարդկանցից չեմ, ովքեր տարվում են արտաքին հմայքով միայն: Ձևը քայլում է հոգևորի հետ ձեռք-ձեռքի տված, մնացած պարագաներում չոչ է անում երեխայի պես: Առանց հոգևորի հետ շաղախվելու ձևը մեռնում է: Դու իմ ափսոսանքն ես, գիտե՞ս: Մենք հանդիպեցինք բոլորովին ոչ նպատակահարմար ժամի և հենց այդ պատճառով էլ չհասկացար ինձ: Իմ տպավորությամբ դու առանձնահատուկ խորաթափանցությամբ ես աչքի ընկնում, բայց ինձ չկարողացար ճանաչել… գուցե վախեցար:

Այն ժամանակ ես գտնվում էի փիլիսոփայական թափանցիկ ու շատ փխրուն, գրեթե անտեսանելի թաղանթի մեջ, որը դու չէիր տեսնում… մեղադրելի չէ, դա գրեթե անհնար է նկատելը: Իմ գործողությունները, որոնք քեզ համար անհասկանալի էին, քանզի առաջնորդվում էիր շատ բնական կենդանական բնազդներով: Այդ բնազդները շատ ակտիվ էին քո մեջ: Միաժամանակ դու ևս որոնումների մեջ էիր՝ քո տարիքին համահունչ: Դու մեծ էիր քո տարիքից, կարող էիր խորհել ավելի բարդ երևույթների մասին, բայց դու չէիր կարող դրանք ամբողջովին զգալ, իսկ ես հենց այդ զգացողությունն էի, որին պետք էր զգալ և չդատել գործողություններով: Աշխարհը կար այն ժամանակ, աշխարհն հիմա էլ կա, բայց այլ էր նաև իմ վերաբերմունքը դրա նկատմամբ՝ ես անփոփոխ էի, անչար, որը մոտեցնում էր ինձ ինչ-որ կատարելացման աստիճանի և դու դա տեսնում էիր, բայց չէիր հասկանում: Գիտակցական ու անգիտակցական ներքին ահռելի լարումներով ես ինչ-որ կերպ կարողացել էի ետ դառնալ դեպի սկիզբ՝ իհարկե որոշակի իմաստով, ոչ ամբողջապես, բայց դու ճանապարհին էիր և տարվում էիր ճանապարհին հանդիպած երևույթներով: Ես նման մի երևույթ էի քեզ համար, որը կարող էր և կորչել քո ճանապարհից, ինչն էլ եղավ ի վերջո. – այսպես խոսելով նա դադար վերցրեց, որոշեց ևս մի գլանակ վառել, հետո փոշմանեց և հանգիստ, առանց շտապելու գլանակը տեղավորեց ծխախոտատուփի մեջ:

Կինը լուռ էր, բայց աչքերից երևում էր, որ ամբողջովին ընկալում է տղամարդու ասածները և գտնվում է դրանց ազդեցության տակ: Նա  սովոր էր և սիրում էր տղամարդու խոսելաոճը, կարծես անսպասելի ոչինչ չկար, միևնույն ժամանակ կախարդվում էր ու տարվում նրանով: Ակնհայտ էր՝ կնոջ հոգում ինչ-որ ավելի լուրջ բան էր կատարվում, քան անգամ այս խոսակցությունն էր, ավելի դառը, ավելի սարսափելի:

5

Տղամարդու ոգեղեն կուտակումները կարծես թափվում էին կնոջ վրա և նա այս վայրկյանների ու րոպեների ընթացքում փոխվում էր, հեղափոխվում: Ինչ-որ բան էր հասունանում, ամեն ինչ այլ էր, օդը ծանրանում էր: Ինչ որ անհայտ հոգևոր փոխատեղումներ էին տեղի ունենում տղամարդու և կնոջ միջև:

Տղամարդը շարունակեց. – Լսի՛ր, ես ոչինչ չեմ ասի… մեզանից դուրս ոչնչի մասին չեմ խոսի, ինչ-որ ասում եմ՝ մեր մասին է ու վերաբերական է մեզ: Մարդը վախենալու էակ է: Ես այն ժամանակ ինքս ինձանից վախենում էի և հիմա էլ շատ բան չի փոխվել: Դա ինքնաճանաչողության բացասական կողմերից մեկն է, որը որքան էլ փորձես կառավարել՝ մեկ է ինչ-որ պահի ճեղքելու է մթնոլորտը և փորձության է ենթարկելու մարդուն: Գիտե՞ս, վերելքներն ու անկումները բնական են կյանքի ճանապարհին: Նայի՛ր աշխարհին, աշխարհագրական կառուցվածքին՝ չկան անվերջանալի ուղիղ ճանապարհներ, չկան միայն լեռներ կամ ձորեր: Ամեն բան ինչ-որ պահի վերջանում է և հետո սկսվում մեկ այլ տեղում, այդպես էլ մեր կյանքն է՝ անկումներ, հարթություններ ու վերելքներ: Ինձ թվում է՝ դու այն ժամանակ մեր իրականության մեջ չէիր, դու դուրս էիր ֆիզիկական կյանքի մղձավանջներից ու գեղեցկությունից: Կարծում եմ՝ մեր ժամանակի մարդու խնդիրը հեշտորեն իրեն հարմար տարաշխարհը ստեղծելու մեջ է, որն էլ հենց երջանկությունն է, որ կա: Պատկերացնո՞ւմ ես՝ դարեր շարունակ մարդկությունը փնտրել է երջանկության հասնելու ճանապարհը և չի կարողացել գտնել, իսկ մենք, մեր ժամանակի մարդը գտել է: Նա ի վերջո որոշակի տոկոսայնությամբ կարողանում է աստվածային գործառույթներ իրականացնել: Ցավալի է, որ այդ կյանքն անիմաստ է և բառի բուն իմաստով սպառնում է մեր ֆիզիկական գոյությանը: Իսկ եթե չլինի ֆիզիկական գոյությունը՝ կանհետանա նաև աշխարհներ ստեղծելու մեր ընդունակությունը: - Հանկարծ տղամարդը զգաց, որ սխալ ուղղությամբ է խոսակցությունը տանում և ինչպես միշտ շեղվում է թեմայից:

Կինը չէր ձանձրանում, նա առերևույթ հանգիստ լսում էր տղամարդուն, բայց որոշեց խախտել լռությունը.- Ինչ-որ ասում ես՝ հետաքրքիր է, քո խորհրդածություններն ինձ միշտ դուր են եկել, բայց ինչո՞ւ ես կարծում, թե ինձ ճանաչում ես: Իմ կյանքի այդ փուլում, երբ մենք ծանոթացանք՝ իրավացի ես՝ ես դուրս էի առօրյայից,  մեր այս իրականությունից, որն էլ ինձ դարձրեց այնպիսին՝ ինչպիսին կամ այսօր: Դու ինձ այսօր չես ճանաչում, բայց քո խոսքերը, չգիտեմ ինչու հանգստացնում են ինձ և ուզում եմ լսել քեզ՝ ինչպես այն ժամանակ: Ուզում եմ քեզ լսել, բայց և անդիմադրելի ցանկություն ունեմ քեզ հիասթափեցնելու, որովհետև ես այն չեմ՝ ինչ առաջ, ես ոչի՜նչ եմ, լսո՞ւմ ես, ոչմիբան, ոչնչությո՜ւն:

6

Վերջին նախադասությունը թե իմաստային առումով, թե արտաբերման ձևով՝ պարզապես ցնցեց տղամարդուն: Կինն այդ խոսքերն ասաց մի տեսակ խեղդվելով: Կնոջ աչքերը լցվել էին, նա չէր կարողանում նայել տղամարդուն: Տղամարդուն թվաց, թե կինն իր տեսած մեղավոր մարդկանցից ամենամեղավորն էր, ամենաընկածը, ամենալավը, ամենազնիվն ու ամենանկեղծը: Տղամարդը չատեց կնոջը: Այդ խոսքերից հետո նրա մեջ ցանկություն առաջացավ ավելի շատ տեղեկանալու եղելության մասին և օգնելու կնոջը:

Տղամարդը բռնեց կնոջ ձեռքը, սկսեց մատները շոյել, սևեռուն ու ջերմ հայացքով նայեց նրան և ասաց. – Մոռացե՞լ ես, ինչ է, որ քեզ սիրում եմ: Չե՞ս հիշում: Ես քո տունն եմ, այն միակ տեղը, որտեղ դու երջանիկ ես եղել և ապրել ես իրական երջանկություն: Մի տեսակ անցյալի աչքերով եմ քեզ նայում և ինձ թվում է՝ դու ուզում ես հալվել ու ամբողջանալ ինձ հետ, բայց թվում է նաև թե դու աղավաղվել ես, գոյություն չունես այլևս: Ի՞նչ է քեզ պատահել, ինչո՞ւ ես բաժանվել մասերի… Դու գիտես, որ ես կարող եմ քեզ հավաքել ու ամբողջացնել: Պատմի՛ր, մի լռիր:

Կինը ձեռքերով դեմքը փակեց ու լաց եղավ: Նա կորած էր: Տղամարդը կանգնեց սեղանիկը մեկուսացնող վարագույրը փակեց և առեղծվածային բարությամբ ասաց.- Մի՛ փակիր դեմքդ, մոտեցիր ինձ, գրկի՛ր պարանոցս և լաց եղիր: Կինն իջեցրեց ձեռքերը դեմքից, մոտեցավ տղամարդուն, նստեց նրա ծնկին, գրկեց պարանոցը և լաց եղավ: Տղամարդն այդ ընթացքում մեղմորեն աջ ձեռքով շոյում էր կնոջ մազերը և ոչինչ չէր ասում: Նա չէր փորձում խոսքերով հանգստացնել կնոջը, նա չասաց՝ լաց մի լինիր, այլ ընդունեց կնոջ հոգու արտահայտումն այնպես ինչպես որ այն կար:

 Խորհրդավոր հարաբերություններ էին, նախկինում էլ եղել էին տարօրինակ ակնթարթներ, բայց երբեք պահը չէր ունեցել այսպիսի խտացում: Կինն այլևս լաց չէր լինում, բայց չգիտես ինչու ավելի էր սեղմվում տղամարդուն և զարմանալիորեն դողում էր: Տղամարդը թեթևորեն հավաքեց կնոջ մազերը ձեռքերի մեջ, մի քիչ ցավեցրեց նրան, ապա երկու ձեռքով բռնեց կնոջ փոքրիկ գլուխը, փոքր ինչ հետ տարավ և ուղիղ նայեց նրա աչքերին՝ թույլ չտալով, որ կինը փախցնի իր աչքերը:

Տղամարդն անսահման բարությամբ էր նայում կնոջը, նա ցանկանում էր հասկանալ և օգնել: Այդպես մի քանի վայրկյան նայում էին իրար և տեղի էր ունենում տղամարդու համար սպասելի մի բան, ձևավորվում էր ձգողական  դաշտ, որը պետք է վերականգներ նախկին վստահությունը և էլ ավելի մոտեցներ իրենց: Կինը դանդաղ շուրթերը մոտեցրեց տղամարդու շուրթերին և աչքերը փակեց: Մի քանի վայրկյան հետո խնդրեց. – թույլ տուր, կրկին գրկեմ քեզ, ես ուզում եմ քեզ գրկել ու վերջ, չեմ ուզում խոսել:

Տղամարդը բաց թողեց կնոջ մազերը և սկսեց նորից շոյել՝ մինչ կինը գրկել էր նրան: Կինը լաց չէր լինում, նա այլևս չէր կարողանում արտասվել:

7

Կինը վաղուց է ինչ այդպես չէր արտասվել: Կորած մարդիկ լաց չեն լինում, նրանք կորցնում են այդ ընդունակությունը: Տղամարդն այն միակ մարդն էր աշխարհում, ում հետ կինը վերագտնում էր իրեն, իր մի մասը, իր անցյալի մասը, գտնում այն կնոջը, ով կարողանում էր լաց լինել…

Լռություն էր: Գրկախառնվել էին ու ոչինչ չէին ասում: Տղամարդը ծխում էր և կինն հիշում էր անցյալը, երբ ճիշտ այսպես գրկախառնվում էին, իսկ տղամարդը ծխում էր, ծուխը դիտմամբ փչում նրա մազերի մեջ: Կինը սիրում էր այդ ծուխը, նա չէր նեղվում, երբեմն փորձում էր կատակել ու զայրանալ, բայց չէր ստացվում, քանի որ իսկապես խելագարվում էր, երբ տղամարդն այդպես էր անում: Այլ էր այս անգամ: Տղամարդը ծխում էր զուտ հոգեվիճակից ելնելով և բնավ չէր փչում ծուխը կնոջ մազերի մեջ: Պահն ուրիշ էր, օրը փոխվել էր, հեղափոխվել էր: Հուշերին, սիրուն, երջանկությանը, միաձուլմանը խանգարում էր ներկան, որի մասին կինը լռում էր, բայց որը կար:

Ոչինչ չէր կատարվում, ոչինչ… րոպեներն անցնում էին լռության մեջ ու ոչինչ չէր կատարվում…Կինը, որ տարիներ շարունակ հեռու էր եղել տնից, այսինքն տղամարդուց, կինը որ ուներ փխրուն, անկայուն, հիմնավորապես քայքայված հոգեկան աշխարհ՝ հայտնվել էր այնպիսի մի ցանցում, որից չէր կարողացել դուրս գալ, որը նախատեսված էր հենց նման խեղաթյուրված, թույլ, կորուսվող և կորուսյալ հոգիներին որսալու համար:

Որոշ ժամանակ տղամարդուն փարվելուց հետո կինը շշուկով, տղամարդու ականջին խոստովանեց անսպասելին. – Հիշո՞ւմ ես մեր երգը…Ժակ Բրել – Մի լքիր ինձ… Ի՜նչ գեղեցիկ երգ էր… Ես այդ երգը վաղուց է, որ չեմ լսել, չեմ կարողանում այլևս լսել… Եթե քեզ չհանդիպեի և դու չխոսեիր ինձ հետ, ես կշարունակեի մեռելի նման ապրել՝ ոչինչ չզգալով: Ես աշխարհի ամենամեղավոր մարդն եմ և պիտի շարունակեի չզգալ իմ մեղքը: Այդ կենդանական բնազդներն ինձ մղեցին ավելի հեռու, քան կարելի է պատկերացնել: Դու իզուր այն ժամանակ ինձ լքեցիր: Չեմ հասկանում և երբեք էլ չեմ հասկացել քեզ: Դու չես կարողանում մնալ մի տեղում, դու միշտ գնում ես ու միշտ վերադառնում, բայց ես ցանկացել եմ, որ դու գաս… Եթե դու չլքեիր ինձ, եթե դու չունենայիր այդ անտանելի բնավորությունը՝ ես ինձ չէի կորցնի: Սիրում եմ քեզ, պարզապես սիրում եմ… դու իմ լիարժեքությունն ես եղել, ինչպես դու ես սիրում փիլիսոփայել՝ իմ տունն ես եղել քո բոլոր դրսևորումներով… Միայն մի բան չեմ հասկանում այդ փիլիսոփայության մեջ… չէ՞ որ տունը չի գնում, այլ տնից են գնում, դու տարօրինակ տուն ես, բայց ես սիրում եմ քեզ, դու գիտես ինչպես եմ սիրում:  Հիշո՞ւմ ես այդ երգը…

Կինը խոսում էր շշուկով, դանդաղ, խիստ հուզական ձայնով:

Տղամարդն ամբողջ էությամբ զգում էր, որ ինչ որ ուրիշ բան է կատարվում, ինչ որ անդառնալի բան… նա խոսեց. – Դու գիտես, որ հիշում եմ, չէ՞ որ ես ինքս որոշեցի, որ դա մեր երգը պիտի լինի և այն ժամանակ էլ դեռ ավելացրի՝ մեր հավերժական երգը: Դա աշխարհի ամենազգացմունքային երգն է: Ատում եմ իմ բնավորությունը, բայց այդպիսին եմ: Գնում եմ և անխուսափելիորեն վերադառնում: Ես դա բացատրում եմ տղամարդու էությամբ, կարծում եմ՝ տղամարդը պետք է գնա: Դու միակն ես, որ հասկացել է իմ գնալը: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ սիրել ես անգամ իմ այդ բնավորության գիծը, դու չէիր սիրի ինձ, եթե այդ իմաստով փոփոխական չլինեի: Չէ՛ որ դրանով ես անվերջորեն հաստատում էի քո անփոխարինելիությունը: Գնում էի ու վերադառնում… Բայց հիմա տարօրինակ զգացողություն ունեմ: Ինձ թվում է՝ ուշացել եմ: Ես տեսնում եմ՝ դու իմն ես, այդտեղ ես կասկած չունեմ, բայց մեկ է, ուշացել եմ: Ինչի՞ց եմ ուշացել…

Կինն ամբողջովին թուլացած, անզորացած, մի տեսակ հանձնվելով տղամարդու ողորմածությանը խոսեց. – Խնդրում եմ… վարվիր երգի համաձայն, մեր հավերժական երգի և մի՛ լքիր ինձ, մի՛ լքիր… ես տրվել եմ մեղքին, հետո թույլ տվեցի հաջորդ սխալը: Հաջորդ խորտակող հարվածը հասցվեց իմ հոգուն՝ նյութի միջոցով՝ իմ իսկ թույլտվությամբ: Եկավ մի պահ, երբ ես ամբողջությամբ մերժում էի: Ինձ համար մերժելի էր ամենայն սուրբը, ամեն ինչ, ես ոչնչականության կրողն էի և դա ինձ դուր էր գալիս: Ես այդպիսին էի դեռ այն ժամանակ, երբ դու կայիր իմ կյանքում, բայց դու այն պարիսպն էիր, որից այն կողմ չէր տարածվում իմ էությունը: Դու այն տարածությունն էիր, որտեղ ես գործում էի: Քո առանձնահատկությունը քո իսկ տարածքում անխախտելի օրենքներ հաստատելն էր, որն ինձ դուր էր գալիս և ես հարկ եղած դեպքում հոժարակամ կատարողը լինելուց բացի՝ քո օրենքների պահապանն էի: Քեզանից դուրս լինելով՝ ես գնացի մերժման ու մսխումի ճանապարհով: Հիմա արդեն հասկանում եմ և բարձրաձայնում, երբ ամեն ինչ կորած է:  Ես զզվում եմ այս մարմնից, այս ձեռքերից և այս նողկալի հոգուց: Առանց քեզ ես եղել եմ ուժեղ, որքան հնարավոր է խաղացել եմ իմ դերը, հետո փլվել ու դարձել եմ հող, որի վրայով առնետներն են քայլում: Գիտե՞ս՝ հավատը կարող է փրկել մարդուն, բայց դու ինձ անհավատ դարձրիր և հեռացար: Առանց քեզ ես բազմիցս հավատափոխ եղա, բայց քանի որ սպանել էի իմ մեջ հավատալու ունակությունը՝ էլ ավելի մոլորվեցի: Հավատացի ստորագույնին, տգեղին, անաստվածությանը, այսինքն ամեն քայլափոխի փոխեցի քեզ այլ աստվածներով: Մարդիկ քայլում են ճանապարհով, իսկ ես ոտքս անվերջորեն կրակների մեջ էի դնում և չէի էլ նկատում, որ այրվում եմ ու վերածվում մոխրակույտի: Ես հիմա պարզապես մոխիր եմ և ինձ հավաքելով դու այլևս չես կարող փայտ ստանալ՝ առավելևս ծառ:

8

Ընհանրական այս խոսակցության տողատակերում տղամարդը տեսնում էր իրավիճակներ, գործողություններ, անվերջանալի շեղումներ հիմնական ճանապարհից և ամեն ինչ ամփոփող բառով ասած՝ թակարդ, որում անխուսափելիորեն հայտնվել էր կինը, քանզի ինքնակամ շեղվել էր ուղղուց,  շեղվել էր հենց իր պատճառով, քանզի ինքն էր հունցել այդ կավը, ձևել էր այնպես ինչպես իրեն է հարմար: Իր հովանավորչությամբ գեղեցիկը պիտի որ չպարտվեր, բայց միջավայրը փոխելով, հեռանալով կավագործից սիրտն անպաշտպան էր դառել:

Մինչ տղամարդը կփորձեր միջամտել խոսակցությանը,  կինը կրկնեց  – Խնդրում եմ… վարվի՜ր երգի համաձայն, մեր հավերժական երգի և մի՛ լքիր ինձ, մի՛ լքիր… ես դավաճան եմ… հայրենիքի… ես հայրենիքի դավաճան եմ… կսպանե՞ս: - Հարկ է նշել, որ կինն այս ամբողջ ընթացքում խոսում էր հաճախակի ընդհատումներով՝ մի տեսակ վերացած:

Կա՛ն անբացատրելի պահեր, կան անբացատրելի, չմեկնաբանվող զգացողություններ ու խոսքեր, որոնք չեն փոխանցվում, որոնց ողբերգականությունը չի հաղորդվում ամբողջապես: Կինը կորած էր, կորած: Այս վերջին բառի մեջ է ամփոփված ամբողջ ողբերգությունը և այս բառից դուրս ամեն ինչ արհեստական է ու ձգձգված: Տղամարդը կնախընտրեր չլինել, չապրել, չծնվել, միայն թե չլսեր այդ խոսքերը: Իսկ ի՞նչ էր զգում նա: Նա խոցված էր, այլևս չկար, մեռել էր՝ ինչպես այդ կինը, այդ սիրելի կինը: Տղամարդը ոչ մի շարժում չարեց: Չփորձեց անգամ կնոջը հեռացնել իր գրկից: Նա հանձնվել էր այնպես՝ ինչպես իր գրկի կինը… ոչնչացվել էր:

Կինը լաց չէր լինում, նա խեղդվող ձայնով աղերսում էր. – Կսպանե՞ս ինձ, կսպանե՞ս…և ավելացնում ամեն անգամ երգի բառերը՝ ինձ մի լքի՛ր, ինձ մի լքի՛ր, խնդրում եմ: Կինն այնպես խոսեց իր դավաճան լինելու մասին, որ այդ պահին հարցեր չառաջացան: Տղամարդու համար ամեն ինչ պարզ էր, նա այնքան լավ էր ճանաչում կնոջը: Գիտեր նրա բոլոր թերություններն ու թուլությունները և ամենատխուրն այն էր, որ հասկանում էր իր մեղավորության չափը: Լռելուց և այդ հարվածը տանելուց հետո տղամարդը վերջապես կարճ պատասխան տվեց՝ մի կարճ համաձայնություն. – Կսպանե՜մ: Եվ արցունքները լռելյայն թափվեցին տղամարդու աչքերից…

Նրանք հեռացան սրճարանից, գնացին, կորան:

Քաղաքի աղմուկը մնաց անցյալում… քամին շարունակում էր տագնապով աղոթել և աստվածային անտարբերությամբ իմանալ ամեն ինչ ու տեսնել ամեն ինչ…Նրանք երկուսն էլ անհետացան քամու տեսադաշտից:

08.28.2021թ.

 

Պատմվածք, թե՞ ազգային ողբերգական վեպ .. Ի՞նչ է ի վերջո « Գիքորը » մեզ համար. Տարոն Գլակի անդրադարձը

  Անդրադարձել եմ Հովհաննես Թումանյանի « Գիքորը » պատմվածքին: « Մեր ճամփեն » հաղորդաշարի այս և նախորդ թողարկումներում անդրադառնում եմ բացառապ...