среда, 29 июня 2022 г.

Աբգար Ափինյան - Տարոն Գլակի պոետական ուղին


 Յուրաքանչյուր գրական սերունդ պատմության մեջ մնալու է իր <<լուսապայծառ>> դեմքերով, ովքեր, ինչպես Թումանյանն էր հավատում, բերելու են հայոց արշալույսը: Մեր օրերի պոեզիան իր այդ պայծառ ու ազնիվ դեմքն ունի՝ Տարոն Գլակը: Ովքեր երբևէ բախտն են ունեցել թերթելու բանաստեղծի գրական էջերը, նրա գրքերն ու հրապարակումները, միշտ սրտատրոփ սպասել են գրողի հետ հաջորդ հանդիպմանը: Ինչպես չենք մոռանում բարձր լեռներում՝ էն մաքուր ակունքից մեր խմած մի բուռ սառնորակ ջուրը, այդպես էլ չի ստվերվում բանաստեղծական իր ազնիվ շնչի թարմությունն ու նորությունը:

Նա, ով տեսել ու նկատել է երիտասարդ բանաստեղծի վերը նշված հատկանիշները, հավատացել ու համառորեն պնդում է, որ այս երիտասարդ ձայնը մեր նոր բանաստեղծության հիմնասյուներից մեկն է լինելու: Իր նորարարությունը, իր երիտասարդ, բայց արդեն ակնառու գրական վարպետությունը կապ չունեն պոետական հնարանքների հետ: Երիտասարդ ստեղծագործողը ունի գեղարվեստական ձևի կատարյալ ըմբռնում, բայց դա ևս հնարանք չէ: Ամեն ինչ, կրկնում եմ, գալիս է ոչ թե երևալու, թվալու՝ այսօր այնքան տարածված մոլությունից, այլ իր շիտակ մարդկային նկարագրից: Բարձր ձայն չունի, բայց ճշմարտությունը կարելի է ասել նաև մեղմությամբ ու սիրով: Եվ նորարար լինելու համար բնավ պարտադիր չէ կուրորեն հետևել եվրոպական ավանգարդին: Մեր աչքի առաջ բոլոր հայ մոդեռնիստները հերթով ձախողվեցին, իսկ նորություն փնտրող գրասերները դեռ շարունակում են հավաքվել Համո Սահյանի պոետական տաճարի շուրջ:

Ահա սա է բանաստեղծ Տարոն Գլակի գեղագիտությունը, իր հավատո հանգանակը, մաքուր նվագների իր պաշտամունքը: Իրեն հավատացել եմ գրական իր առաջին քայլերից, որովհետև իմ քննադատական բազմամյա փորձը միշտ հուշում է՝ տաղանդներ փնտրեք առողջ հոգիների մեջ: Այն պահից, երբ ճանաչեցի իր մեջ մարդկայնություն ու հայրենիք, այլևս երբեք չեմ կասկածել, որ ինքը բոլոր գագաթները նվաճելու է:

Գրականագետի համար իսկական բերկրանք է ծանոթությունը Տարոն Գլակի գրական պատկերացումների և հայացքների հետ: Այս երիտասարդ տաղանդը համոզված է, որ յուրաքանչյուր բանաստեղծական ժողովածու կամ գիրք ունի ոգի, որ կարելի է շոշափել: Գրողի և ընթերցողի հանդիպումը կայանում է այն ժամանակ, երբ հեռավորությունն անհետանում է նրանց միջև: Կարևոր չէ գտնվելու վայրը, և որտեղ էլ բացես բանաստեղծի ժողովածուն, հիշիր, որ քո ձեռքերում պոետի գիրքը չէ, այլ նրա կյանքը, և նա կզգա, անպայման կզգա՝ ինչպես ես դու կարդում նրա ամեն մի տողը:


Այս խոսքերով է բանաստեղծը բացում իր լավագույն գրքերից մեկը՝ <<Գետի ափին>>: Թերթելով այս սքանչելի հատորը, որ պոետական է նաև իր ծավալով (80 էջ), վերստին համոզվում ես, որ գրական տաղանդը բնավ վերացական հասկացողություն չէ: Ահա մի չափանիշ, որ մեր գրականագիտական գործի այբուբենն է՝ Տարոն Գլակի <<Գետի ափին>> գրքի հենց առաջին՝ <<Հայրենապատում>> շարքում զետեղված բոլոր ութ բանաստեղծությունները գեղարվեստական արժեք ունեն: Այսինքն հենց առաջին էջերից գրքույկը դառնում է գիրք՝ ստիպելով հարգել իրեն: -Շարքը կարևոր է նաև նրանով, որ արձանագրում է գրողի տաղանդի հիմնական ուղղվածությունը՝ հայրենական երգ: Հաջորդ շարքում կրկին իրար հաջորդում են գեղարվեստորեն ընտիր գործեր՝ տաղանդի իրական ապացույց, իսկ <<Հրաչյա Սարուխանին>> ներբողը խոսուն վկայությունն է իր նախորդների հետ ժառանգորդական ամուր կապի:


Սա էլ մեր գրականագիտական այբուբենի երկրորդ նշանը՝ գրական ավանդույթի գիտակցված զգացումը տաղանդի ցուցանիշներից մեկն է: Ժամանակակից հեղինակներից շատերն այդ առումով որբերի տպավորություն են թողնում՝ ոչ նախորդ ունեն, ոչ էլ գիտակցում գրական վարպետության: Ասենք, որ գրականագիտական այս երկու հասկացությունները սերտորեն կապված են միմյանց հետ՝ ուրիշ էլ ինչպե՞ս, որտեղի՞ց պիտի վարպետության դասեր առնի երիտասարդը, եթե ոչ իր մեծ նախնիներից:

Նոր գիրքը՝ <<Պատերազմում>> (2020), հաստատումն է Տարոն Գլակի պոետական ուրույն ոճի, և կրկին՝ կատարյալ տողեր, հայրենասեր հոգու ազնիվ վերթևումներ և կայացած գեղարվեստական արժեքներ: Ակնհայտ է՝ Տարոն Գլակը նրանցից չէ, ովքեր միայն որոնում են, ինքը գտնողն է: Այս տաղանդավոր պոետը քեզ անհասցե ճամփորդության  երբեք չի տանի, ինքը տեղ հասնողն է: Իր պայծառ հայացքը ողջ աշխարհն է ընդգրկում, բայց ինքը նաև նպատակ ունի՝ հաստատակամ գնում է դեպի իր նպատակը և ընթերցողին էլ տանում է իր հետ: Ահա իմ գրականագիտական այբուբենի ևս մի նշան՝ ճամփիդ միշտ լույս կա, հայ գրող, եթե հոգուդ մեջ վեհ նպատակ ես փայփայում:

Տարոնի մանկությունը Արցախյան ազատամարտի հերոսական ժամանակն է: Իր ազատամարտիկ հոր՝ Սուրեն Սարգսյանի ընկերները  իբրև նվեր՝ փամփուշտ էին լցնում օրորոցի  մեջ, ահա ինչու <<Պատերազմում>> գիրքը պարզապես չէր կարող չգրվել: Այստեղ Միայնակ Գայլին նվիրված բանաստեղծական շարքն է, ապա իսկական գեղարվեստական մի հրաշք՝ <<Կյանքս մեկ է՝ մի օր կտամ>>, <<Երկիր իմ, ավա՜ղ, մնացիր մենակ>>, <<Կգա օրը քո ծաղկածածկ շիրիմին>>:


Սակայն երիտասարդ հեղինակի գաղափարական գագաթը <<Ես անկում եմ տեսնում>> բանաստեղծությունն է: Ինչպես երկու դար առաջ Լերմոնտովն էր մեղադրանք ներկայացնում իր սերնդին, այնպես էլ հիմա հայ բանաստեղծը հայ որակի պարտությունն է գուժում: Ազգային մեր բոլոր ուժերն ուղղելով ռազմի դաշտ՝ մենք աչքաթող արեցինք երկրի ներսը: Սահմանին հերոսանում, զոհվում էին մեր լավագույնները, իսկ մեր մշակութային մայրաքաղաքում, երկրի կենտրոնում <<պոռնիկներն են պաշտվում և արվեստը նսեմ>>: Խաչի նշանը համազգեստին և հոգուն դաջած՝ դեպի սահմաններն են հեռանում և մագլցում են Շուշվա քարերն ի վեր մեր նոր Նժդեհներն ու Անդրանիկները, իսկ մեր կառավարությունում հայտնվում են հայրենիքն ուրացողներն ու դրամ պաշտողները: Քարինտակում, Արցախի հերոսական լեռներում հայոց զենքը հալածում, հաղթում է թուրքին, սահմանամերձ մեր  գյուղերում դպրոցահասակ մանչերը սահման են պահում՝ Ֆիդայի ու զինվոր դարձաձ, մեր լավագույն տղերքը, լքելով ընտանիք ու հարազատ, զոհում են ամենաթանկը հանուն ազգային գաղափարի, իսկ սահմանից այս կողմ՝ մեր երկրի սրտում, արժեքները դարձել ենսոսկ բառեր: Սա հզոր բանաստեղծություն է՝ կերտված լավագույնի երազանքով: Ես վերելք եմ ուզում՝ պահանջում է հայ բանաստեղծը՝ Երկիր, լսիր բանաստեղծ որդուդ:

Տարոն Գլակի ուժը ճշմարտության մեջ է: Նա հղկում է իր պոետական վարպետությունը իր նախնիների փորձին հետևելով: Տարոն Գլակի ոճի ձևավորմանը իր մասնակցությունն է բերել մեր մեծ Թումանյանը, իսկ ժամանակակիցներից անուրանալի է Հրաչյա Սարուխանի պոետական ավանդույթը, որ ուղղակի իմաստով արթնացրեց երիտասարդ հեղինակի գրական ձիրքն ու սեփական հնարավորությունները:

Մեր ավանդական վանկական ոտանավորը Տարոն Գլակի պոեզիայում շողում է, նորանում ու թարմանում, հնչում իբրև առավոտյան շեփոր: Մեր լեռների բարձրությունն ու հայոց ձորերի խորությունը կա Տարոն Գլակի տողերում և պարզությունն ու մաքրությունը մեր լեռնային վտակների: Առջևում երիտասարդ կյանքն է, որ նա ապրելու է իբրև բանաստեղծություն: Դեռ պիտի հնչ սիրո իր քնարը և նոր հայտնություններ պիտի բացվեն իր ճանապարհին: Այս բանաստեղծից սպասելիքներ շատ ունենք, ինքը մեր վաղվա օրը կերտողներից է, իր գիրը չի մոլորվելու, խավարի մեջ անգամ գտնելու է ճշմարիտ ճամփան, քանի որ պոետական իր երկնքում արև ունի, որ ինքն է կերտել իր սրտից ու երազներից:


 

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Համահայկական Գրողների Միության Նախագահ


вторник, 28 июня 2022 г.

Տարոն Գլակ - Քարտեզ, թե՞ Հայրենիք


Դրվագ Արցախյան առաջին պատերազմից

Քարտեզ, թե՞ Հայրենիք
(Պատմվածք - էսսե)
Նայում ես քարտեզին՝ գետերը երկրագնդի երակներն են, անտառը տանիքն է քո, լեռները խորհրդանիշ՝ այրության և արիության, իսկ հարթավայրը՝ աչքի ու մտքի համար անհրաժեշտ տարածություն: Նայում ես քարտեզին ու ոչինչ չես տեսնում, ինչպես վերևից նայող աշխարհի աչքերը՝ այնպես էլ դո՛ւ, քարտեզին նայելով՝ ոչինչ չես տեսնում: Եվ հարց ես տալիս քեզ՝ գուցե Աստվա՞ծ էլ է այսպես նայում աշխարհին՝ արբանյակային տեսողությամբ զննելով մարդկային շարժը, ընկնել-վեր կենալը, նահանջն ու առաջխաղացումը… Եթե այդպես է, ուրեմն Աստված չի տեսնում արցունքը, չի զգում հոգին և չունի մարդկային անկման ու թռիչքի տրամաբանական բացատրություն: Բայց այստեղ տրամաբանություն չկա: Մենք կարող ենք երկար թվել եղածը, բայց մեկ ամենատար բառով բնորոշենք՝ կա Հայրենիք, որը թև է տալիս մարդուն, իսկ մեր դեպքում այդ թևերն Արծվային են: Ինչ վերաբերում է Աստծուն, ոգևորվելուց առաջ, լավ կլինի հանգիստ թողնել Նրան: Մարդու սխալների համար Աստված մեղավոր չէ: Երբեմն մտածում եմ, թե Աստծուն հորինել ենք միմիայն մեղադրելու համար…
Այսպես խորհում էր նա՝ ում Հայրենիքը փորձություններով էր անցնում, ով առաջինն էր բախվել իրականությանը, ով ազգային ճակատգրի բերումով կանգնած էր սահմանին և ով պաշտպանելով իր Հայրենիքը՝ իր լեռներով պաշտպանության տակ էր առել նաև ողջ քաղաքակիրթ մարդկությանը:
Ի՞նչ է նշանակում պաշտպանել քաղաքակիրթ մարդկությանը… Որքան էլ զարմանալի է՝ նշանակում է վայրենանալ և շատ առումներով դեն նետել քաղաքակիրթ մարդու ոչ կենսունակ դիմակը և հագնել ուժի վերարկուն, իսկ քաղաքակիրթ մարդկությունը, թե ուզում է օգնել, առնվազն կարող է կարել այդ վերարկուն:
Հաստաբուն ծառեր, առջևում Խաչեն գետը կամ Խաչենագետը, որի վրայով երբեմն դիակներ են լողում՝ թշնամական դիակներ: Պատկերացնո՞ւմ եք երկիր մոլորակի երակներով դիակներ են հոսում… Երկու ընկեր՝ կռվի ընկեր, հայտնվելով շրջափակման մեջ, սպասում են կյանքի թելը կտրելու իրենց հնարավորությանը: Մեկ նռնակ, որը ճիշտ պահին պետք է կտրի այդ թելը: Թել, որի շնորհիվ ընկերները կապված են իրենց ծնողների հետ, որդիների ու կանանց, որի շնորհիվ այնուամենայնիվ կուզեին ապրել, կուզեին քաղաքակիրթ մարդկանց նման երազել ու խենթություններ անել, իրենց ճանապարհը կերտել, կուզեին մեղավոր լինել Աստծո առաջ և ոչ երբեք զգալ Աստծո մեղավորությունն իրենց և իրենց ընտանիքների ու Հայրենիքի առաջ:
Նայում ես քարտեզին ու չես տեսնում ընկերներին: Դրա փոխարեն տեսնում ես Խաչենագետ կոչվող կապույտ գիծը, կանաչով ներկված ծառախիտ հատվածը՝ Հովտաշենը, Փարուխը: Նայում ես քարտեզին ու ոչինչ չես տեսնում: Չես էլ նկատում Փարուխը պաշտպանող քաջերին և այնտեղ ապրող քաջարի բնակչությանը, հետևաբար չես էլ հասկանում՝ ինչու է Փարուխը Հայրենիք, Խաչենագետը՝ արյուն և ինչու է վերջապես, քո փոքրիկ սիրտն այդքան վիրավոր…
Ընկերները մինչ մտովի հրաժեշտ էին տալիս իրենց հարազատներին ու իրար՝ հանկարծ հայտնվում են յուրայինները՝ տղե՛րք, ովքեր երբեք քարտեզով հայրենիքին չեն նայել և հեռու են քարտեզային մտածողության սահմանափակումներից: Գալիս են, վռնդում թշնամական ուժերին և փրկում շրջափակման մեջ հայտնված իրենց ընկերներին: Հայրենիքը շարունակում է ապրել, քանի որ կան հայրենատեր մարտիկներ՝ տղամարդիկ, կանայք, պապիկներ ու տատիկներ, երեխաներ, ովքեր չեն կորցնում հայրենազգացողությունը, ովքեր իրենց իսկ գոյությամբ մերժել ու մերժում են անհայրենիք ապրելու տխուր մտայնությունը, որը ցավոք սրտի նույնպես գոյություն ունի:
Կան մարդիկ, որ նայելով քարտեզին, տեսնում են վառվող Հայաստան և մտածում խաղաղ Փարիզի մասին, երբ վառվում է Փարիզը, նրանք նայում են լուսավոր Մոսկվայի կողմը, այրվում է Մոսկվան, հայացք են ուղղում ասենք՝ Ռիո Դե Ժանեյրոյին և այսպես շարունակ…
Անհայրենիք մարդիկ մի օր կքշվեն աշխարհի բոլոր անկյուններից, որովհետև ամբողջ աշխարհն է Հայրենիք, իսկ քո՛ Հայրենիքը, քո՛ տիեզերքը հենց այս հողն է, այս երկիրը՝ Հայերի երկիր Հայքը:
Տարոն Գլակ

воскресенье, 26 июня 2022 г.

Ոչ ավանդական քառյակներ



***

Հիսուսը,

Բուդդան ու

Մուհամեդը եկան…

Նաև Սարիպուտտան ուսուցչի հետ.

Գիշեր էր, լռություն՝ հավերժորեն երկար.

Աչքերիս առաջ քաղցրահամ ծովեր…

 

 *** 

Մանկության

Մի օր էր,

Նո՛ր էր ու աննման

Վերջացրեցի Դյուման ու ծխեցի թաքուն…

Թթենին գաղտնիքս իր ճյուղերին առավ

Ու չպատմեց հորըս, որից շատ էի քաշվում:

 

*** 

Անցյալից

Թթենին

Աղմկում է համառ,

Պապս նստած փափուկ նոյ է ծխում,

Լալվարից է պատմում, անտառներից մռայլ

Եվ հիշում, թե ոնց էր սունկ հավաքում:


*** 

Իմ սիրտը…

Դեպի ետ

Ուղիներ է փնտրում

Ցնդում է, զառանցում ճամփի կեսից…

Անտառում մի որսորդ նոր թակարդ է սարքում

Ու կարծես ծառերը գիտեն զոհին:

 

Տարոն Գլակ

Պատմվածք, թե՞ ազգային ողբերգական վեպ .. Ի՞նչ է ի վերջո « Գիքորը » մեզ համար. Տարոն Գլակի անդրադարձը

  Անդրադարձել եմ Հովհաննես Թումանյանի « Գիքորը » պատմվածքին: « Մեր ճամփեն » հաղորդաշարի այս և նախորդ թողարկումներում անդրադառնում եմ բացառապ...