вторник, 28 июня 2022 г.

Տարոն Գլակ - Քարտեզ, թե՞ Հայրենիք


Դրվագ Արցախյան առաջին պատերազմից

Քարտեզ, թե՞ Հայրենիք
(Պատմվածք - էսսե)
Նայում ես քարտեզին՝ գետերը երկրագնդի երակներն են, անտառը տանիքն է քո, լեռները խորհրդանիշ՝ այրության և արիության, իսկ հարթավայրը՝ աչքի ու մտքի համար անհրաժեշտ տարածություն: Նայում ես քարտեզին ու ոչինչ չես տեսնում, ինչպես վերևից նայող աշխարհի աչքերը՝ այնպես էլ դո՛ւ, քարտեզին նայելով՝ ոչինչ չես տեսնում: Եվ հարց ես տալիս քեզ՝ գուցե Աստվա՞ծ էլ է այսպես նայում աշխարհին՝ արբանյակային տեսողությամբ զննելով մարդկային շարժը, ընկնել-վեր կենալը, նահանջն ու առաջխաղացումը… Եթե այդպես է, ուրեմն Աստված չի տեսնում արցունքը, չի զգում հոգին և չունի մարդկային անկման ու թռիչքի տրամաբանական բացատրություն: Բայց այստեղ տրամաբանություն չկա: Մենք կարող ենք երկար թվել եղածը, բայց մեկ ամենատար բառով բնորոշենք՝ կա Հայրենիք, որը թև է տալիս մարդուն, իսկ մեր դեպքում այդ թևերն Արծվային են: Ինչ վերաբերում է Աստծուն, ոգևորվելուց առաջ, լավ կլինի հանգիստ թողնել Նրան: Մարդու սխալների համար Աստված մեղավոր չէ: Երբեմն մտածում եմ, թե Աստծուն հորինել ենք միմիայն մեղադրելու համար…
Այսպես խորհում էր նա՝ ում Հայրենիքը փորձություններով էր անցնում, ով առաջինն էր բախվել իրականությանը, ով ազգային ճակատգրի բերումով կանգնած էր սահմանին և ով պաշտպանելով իր Հայրենիքը՝ իր լեռներով պաշտպանության տակ էր առել նաև ողջ քաղաքակիրթ մարդկությանը:
Ի՞նչ է նշանակում պաշտպանել քաղաքակիրթ մարդկությանը… Որքան էլ զարմանալի է՝ նշանակում է վայրենանալ և շատ առումներով դեն նետել քաղաքակիրթ մարդու ոչ կենսունակ դիմակը և հագնել ուժի վերարկուն, իսկ քաղաքակիրթ մարդկությունը, թե ուզում է օգնել, առնվազն կարող է կարել այդ վերարկուն:
Հաստաբուն ծառեր, առջևում Խաչեն գետը կամ Խաչենագետը, որի վրայով երբեմն դիակներ են լողում՝ թշնամական դիակներ: Պատկերացնո՞ւմ եք երկիր մոլորակի երակներով դիակներ են հոսում… Երկու ընկեր՝ կռվի ընկեր, հայտնվելով շրջափակման մեջ, սպասում են կյանքի թելը կտրելու իրենց հնարավորությանը: Մեկ նռնակ, որը ճիշտ պահին պետք է կտրի այդ թելը: Թել, որի շնորհիվ ընկերները կապված են իրենց ծնողների հետ, որդիների ու կանանց, որի շնորհիվ այնուամենայնիվ կուզեին ապրել, կուզեին քաղաքակիրթ մարդկանց նման երազել ու խենթություններ անել, իրենց ճանապարհը կերտել, կուզեին մեղավոր լինել Աստծո առաջ և ոչ երբեք զգալ Աստծո մեղավորությունն իրենց և իրենց ընտանիքների ու Հայրենիքի առաջ:
Նայում ես քարտեզին ու չես տեսնում ընկերներին: Դրա փոխարեն տեսնում ես Խաչենագետ կոչվող կապույտ գիծը, կանաչով ներկված ծառախիտ հատվածը՝ Հովտաշենը, Փարուխը: Նայում ես քարտեզին ու ոչինչ չես տեսնում: Չես էլ նկատում Փարուխը պաշտպանող քաջերին և այնտեղ ապրող քաջարի բնակչությանը, հետևաբար չես էլ հասկանում՝ ինչու է Փարուխը Հայրենիք, Խաչենագետը՝ արյուն և ինչու է վերջապես, քո փոքրիկ սիրտն այդքան վիրավոր…
Ընկերները մինչ մտովի հրաժեշտ էին տալիս իրենց հարազատներին ու իրար՝ հանկարծ հայտնվում են յուրայինները՝ տղե՛րք, ովքեր երբեք քարտեզով հայրենիքին չեն նայել և հեռու են քարտեզային մտածողության սահմանափակումներից: Գալիս են, վռնդում թշնամական ուժերին և փրկում շրջափակման մեջ հայտնված իրենց ընկերներին: Հայրենիքը շարունակում է ապրել, քանի որ կան հայրենատեր մարտիկներ՝ տղամարդիկ, կանայք, պապիկներ ու տատիկներ, երեխաներ, ովքեր չեն կորցնում հայրենազգացողությունը, ովքեր իրենց իսկ գոյությամբ մերժել ու մերժում են անհայրենիք ապրելու տխուր մտայնությունը, որը ցավոք սրտի նույնպես գոյություն ունի:
Կան մարդիկ, որ նայելով քարտեզին, տեսնում են վառվող Հայաստան և մտածում խաղաղ Փարիզի մասին, երբ վառվում է Փարիզը, նրանք նայում են լուսավոր Մոսկվայի կողմը, այրվում է Մոսկվան, հայացք են ուղղում ասենք՝ Ռիո Դե Ժանեյրոյին և այսպես շարունակ…
Անհայրենիք մարդիկ մի օր կքշվեն աշխարհի բոլոր անկյուններից, որովհետև ամբողջ աշխարհն է Հայրենիք, իսկ քո՛ Հայրենիքը, քո՛ տիեզերքը հենց այս հողն է, այս երկիրը՝ Հայերի երկիր Հայքը:
Տարոն Գլակ

Комментариев нет:

Отправить комментарий

Պատմվածք, թե՞ ազգային ողբերգական վեպ .. Ի՞նչ է ի վերջո « Գիքորը » մեզ համար. Տարոն Գլակի անդրադարձը

  Անդրադարձել եմ Հովհաննես Թումանյանի « Գիքորը » պատմվածքին: « Մեր ճամփեն » հաղորդաշարի այս և նախորդ թողարկումներում անդրադառնում եմ բացառապ...