пятница, 22 июля 2022 г.

Տարոն Գլակ - Հին օրերի ձյունը լիներ...




Հին օրերի ձյունը լիներ, նստեր հողին.
Հողն ընդուներ, կտուր առներ, լռեր:
Քամին սահեր ձյունի վրա, փչե՜ր քամին.
Սիրտն իմ տունն իր այսպես չկորցըներ:
Մի ողջ երկիր չհառաչեր անտեր ցավից,
Չփնտրեինք մեղավորներ, դավեր.
Հին օրերի ձյունը լիներ, նստեր հողին.
Սիրտն իմ տունն իր այսպես չկորցըներ:

суббота, 9 июля 2022 г.

Տարոն Գլակ - Կյանքս մեկ է՝ մի օր կտամ

Ջավախք

(Տպավորություններ այցելությունից)
Հայաստանն ավելի մեծ է, քան ես պատկերացնում էի, Հայաստանն ավելի մեծ է, քան դուք պատկերացնում եք… Հարցը, սոսկ, տարածքային չէ, այլ` հոգևոր: Ջավախքը Հայաստան է՝ իր գրկում ապրող ժողովրդով, մշակույթով և իր հայկական պնդաճակատությամբ: Կան իրականություններ, որոնք միևնույն ժամանակ և՛ տխրեցնում են, և՛ հպարտություն պարգևում:
Աբուլն ամեն կողմից հսկում է քեզ և ինքն էլ չիմանալով, կարծես, նույնանում է Ամենայն Հայոց Բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանի հետ: Թումանյանով ես ճանաչում և որ ամենակարևորն է` սիրում Աբուլը.
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Քանի մենք չենք ճանաչել Հոգևոր Հայաստանը՝ մենք կորցնելու ենք լեռներ, քանի մեր սրտերը տարված են մակերեսային հպարտությամբ ու ազգասիրությամբ, մեր պետականությունը չի տարածվելու ամբողջական Հայրենիքի վրա: Պոետական սերը պետք է նահանջի, քանզի այդպես սիրողը շատ հեշտությամբ էլ կորցնում է, որպեսզի թախծի ու ցավա` իր կորուստների համար: Մենք, թող թույլ տրվի ասել, ժամանակավորապես կորցրեցինք Շուշին, և հաջորդ պահին սկսվեց մի անիմանալի բանաստեղծական տարափ՝ նվիրված Շուշի քաղաքին: Ինչպե՞ս կարող է բանաստեղծական ձեռքն այդքա՜ն հեշտությամբ գրել ցավի մասին՝ իրական ցավի: Ինձ միշտ զարմացրել է այսպիսի համարձակությունը: Նույն կերպ վարվել ենք Անի քաղաքի հետ: Գուցե այսպե՞ս է հայը հաշտվում իր կորուստների հետ, համակերպվում և համարում, որ դա է փաստը: Մինչդեռ, մյուս ճանապարհն ավելի դժվար է, առավել ժամանակատար. այն է՝ գիտակցաբար սիրել Հայրենիքը, գտնել հոգևորի ու պետության ներդաշնակման ուղին, կառուցել, ամենուր, բոլոր ոլորտներում ձևավորել <<զորախմբեր>> և առաջին հերթին` պահպանել եղածը, իսկ կորցրածը՝ ետ բերել:
Հայաստանն ավելի մեծ է, քան ես պատկերացնում էի, Հայաստանն ավելի մեծ է, քան դուք պատկերացնում եք... Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է պատահել, որ Ջավախք աշխարհի բիրտ ու ժայռակերպ ժողովրդից ծնունդ է առել հայ ամենաքնքուշ ու նուրբ բանաստեղծներից մեկը՝ Վահան Տերյանը: Լեռն անձրև է ուզում, քարը՝ մեղմիկ քամի, Ջավախքը՝ Տերյան: Օրինաչափություն է և ոչ՝ պատահականություն: Տերյանը պետք է ծնվեր Ջավախքում և գրեր այս հուզիչ ու թախծոտ բանաստեղծությունը:
Ի՞նչ մնաց ինձ — ոսկյա մի ցանց, ուրիշ ոչինչ,
Մարգարտաշար հուշերի գանձ — ուրիշ ոչինչ:
Տրտում գիշեր և մենություն անօգնական,
Սիրտ կեղեքող կարոտ անանց — ուրիշ ոչինչ:
Երազներից իմ հրավառ մնաց փոշի —
Սին անուններ կորած կանանց — ուրիշ ոչինչ:
Ջինջ իմ հոգուն մնաց մշուշ ծանր ու մթին,
Եվ իմ այգում քամու կաղկանձ — ուրիշ ոչինչ:
Պարիր, քամի, այգում այս մերկ, ոռնա ու լաց,
Տա՛ր, մի թողնիր, քամի անսանձ — ոչինչ, ոչինչ…
Վահան Տերյան, հարազատս, դու հազար անգամ վայելել ես այս շքեղ տեսարանը. Փարվանան՝ սառնաշունչ, արծաթահայաց, արծաթ կրծքերը բաց ընդունում է քեզ, բայց քամին այնպես է պաշտպանում իր արծաթյա թագուհուն, որ չի թողնում երկար հիանաս նրանով, էլ ուր մնաց՝ փարվես, էլ ուր մնաց՝ համբուրես, էլ ուր մնաց՝ տիրանաս: Աբուլն հեռվից ժպտում է, ծիծաղում քամու վրա և անշարժ, հսկայավայել ըմբոշխնում լճի գեղեցկությունը, կարծես՝ ամեն անգամ հաստատում, որ ինքն է տերը և իրեն է պատկանում գեղեցկուհին: Թող լինի այդպես, մենք չենք խաթարի ձեր անդորրը, և ձեր հեռահայաց միությունը թող հարատևի:
Ջավախք աշխարհը մեզ է նայում, Հայոց պետությանն ու Հայոց աշխարհին և այն հոգու պոռթկումը, որն արտահայտեց հայ ուսուցիչը՝ ասելով «առանց ձեզ՝ մենք ոչինչ ենք», նկատի ունենալով հայ պետականությունը, մեզ պետք է ուժ տա և կամք, որպեսզի մենք մեր մտքով իսկ չանցկացնենք աճուրդի հանել մեր հավերժությունը:
Հայաստանն ավելի մեծ է, քան ես պատկերացնում էի, Հայաստանն ավելի մեծ է, քան դուք պատկերացնում եք...
Տարոն Գլակ
Возможно, это изображение 1 человек и в помещении

пятница, 1 июля 2022 г.

Տարոն Գլակ - Կյանքս մեկ է՝ մի օր կտամ



                                                                    


Կյանքս մեկ է՝ մի օր կտամ,
Թող նվիրեմ քո քարերին,
Թեկուզ առանց շիրիմ մնամ՝
Անհայտ ձուլվեմ քո հողերին:
Կյանքս ոչինչ չարժե, եթե
Չմիանամ քո ձորերին,
Ես կմնամ ինձնից դժգոհ,
Թե չսիրվեմ քո ջրերից:
Եթե մա՛հն է ինձ բաժանում
Ծաղիկ շոյող քո հովերից,
Կյանքս սրտանց քե՛զ եմ հանձնում
Ու գոհանում քո զովերից:
Ընդունիր այս երգը քնքուշ,
Սիրտդ բացի՛ր, իմ հայրենիք,
Դու իմ ներկա, իմ սուրբ, իմ հուշ,
Իմ երազանք, իմ գտնելիք:
Ես ամեն օր փնտրում եմ քեզ
Եվ վախենում կորցընելուց,
Քո հագին միշտ մի նոր զգեստ,
Սակայն հոգիդ նույնն է մնում:
Կյանքս մեկ է՝ մի օր կտամ,
Թող նվիրեմ քո ձորերին,
Թեկուզ առանց շիրիմ մնամ՝
Անհայտ ձուլվեմ քո հողերին:
2016 թ.


Պատմվածք, թե՞ ազգային ողբերգական վեպ .. Ի՞նչ է ի վերջո « Գիքորը » մեզ համար. Տարոն Գլակի անդրադարձը

  Անդրադարձել եմ Հովհաննես Թումանյանի « Գիքորը » պատմվածքին: « Մեր ճամփեն » հաղորդաշարի այս և նախորդ թողարկումներում անդրադառնում եմ բացառապ...